Frugalpac ընկերությունը շուկա է հանել գինու թղթե շշեր: Անգլիական էկոլոգիական փաթեթավորման արտադրող ընկերության գինու շիշը 94%-ով պատրաստված է վերամշակված ստվարաթղթից:
Ընկերության տվյալներով՝ նման փաթեթավորման ածխածնային հետքը 84%-ով պակաս է ապակե տարաների ածխածնային հետքից: Frugal շիշը պատրաստված է հիմնականում վերամշակված ստվարաթղթից, որի ներսում կա սննդային ներդիր, որը կանխում է գինու և սպիրտային խմիչքների թափանցումը:
750 մլ շիշը հինգ անգամ ավելի թեթև է, քան ապակե շիշը: Այն կարելի է պահել սառնարանում և ենթարկել վերամշակման, քանի որ ստվարաթուղթը հեշտությամբ կարելի է առանձնացնել ներդիրից: Ինչ վերաբերում է արտադրության գնին, այն կարելի է համեմատել ապակե շշի արտադրության պիտակի հետ միասին: Միևնույն ժամանակ, Frugal շշի վրա կարելի է տպագրել բրենդը խորհրդանշող տարրեր և ձևավորել շիշը ամբողջ մակերեսով:
Նոր շշերի արտադրության մեջ օգտագործվել է ընդամենը 15 գրամ պլաստիկ: Շիշը ներկայումս օգտագործվում է Cantina Goccia գինեգործ ընկերության կողմից: