Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում Բիլ Գեյթսը նշել է, որ մարդկությունը վերջապես կկարողանա մոռանալ համաճարակի մասին միայն 2021 թվականի վերջին, չնայած որ պատվաստանյութը կհայտնվի շատ ավելի վաղ:
«Ախտորոշման ոլորտում նորարարությունների ներդրումը և պատվաստանյութերի մշակումը թույլ կտան մեզ մինչև 2021 թվականի վերջ դուրս գալ այս իրավիճակից: Մեր բախտը բերել է, որ հիվանդությունը չի դարձել ավելի մահացու», — հայտնում է Գեյթսը: Չնայած դրան, մարդիկ պետք է պահպանեն անհրաժեշտ նախազգուշական միջոցները: Ձեռնարկատիրոջ խոսքերով՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների, որոշ երկրներ դա բավականին լավ են իրականացնում:
Գեյթսը նշել է, որ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցները կարող են էապես իջեցնել մահացության մակարդակը, բայց միայն պատվաստանյութերի կիրառումը կարող է որոշիչ դեր ունենալ հասարակությանը նորմալ կյանքին վերադառձնելու գործում:
Պատվաստանյութը պատրաստ կլինի 2020-ի վերջին կամ 2021-ի առաջին կիսամյակում, ասաց ձեռնարկատերը: Դրանից հետո այն պետք է հաստատվի և տարածվի: «Մենք պետք է համոզվենք, որ կարող ենք վերջ տալ վիրուսին ոչ միայն հարուստ, այլև զարգացող երկրներում: Եթե կարողանանք դա իրագործել, դա օգուտ կբերի բոլորին», — ավելացրեց Գեյթսը: Դրա համար «անհրաժեշտ են միլիարդավոր դոզաներ»:
Նա բացատրեց, որ արդյունավետության առումով պատվաստանյութի առաջին ստեղծված տարբերակը «կատարյալ» չի կարող լինել: Սա միջանկյալ փուլ է, որը ժամանակ կտա այն կատարելագործել և նոր տարբերակներ պատրաստել 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում: