Հունիսի 18-ին, ռուսական «Ռոսկոմնադզոր» պետական վերահսկիչ ծառայությունը, երկամյա արգելափակումից հետո, որոշեց հանել Ռուսաստանի տարածքում Telegram մեսսենջերի արգելափակումը: Այդ մասին նշված է ծառայության պաշտոնական կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռոսկոմնադզորը՝ դրական գնահատելով Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի «ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու» պատրաստակամությունը, հանում է բոլոր գործող արգելափակումները:
Մեսսենջերը արգելափակվել է Ռուսաստանի տարածքում 2018 թվականի գարնանը, այն բանից հետո, երբ Telegram-ի ղեկավարությունը հրաժարվեց տրամադրել Ռուսաստանի Դաշնության ՖՍԲ-ին նամակագրությունների գաղտնագրման վերծանման բանալիները: Անվտանգության ծառայությունում ենթադրում էին, որ հավելվածը կարող էր օգտագործվել ահաբեկչական ակտերի պլանավորման համար:
Չնայած սահմանափակումներին, մեսսենջերի լսարանի մի զգալի մասը չէր պատրաստվում հրաժարվել նրանից: Այսպիսով, 2018-ի ապրիլին App Store ծառայության ռուսերեն տարբերակի ամենափնտրվող բառակապակցությունը եղել է «Opera VPN» (արգելափակումների շրջանցման հավելված): Իսկ 2020 թ. հունիսին Պավել Դուրովը հայտարարեց, որ Telegram-ի ռուսաստանյան լսարանաը կազմել է 30 մլն. մարդ: