Tesla Inc. պաշտոնապես դարձավ աշխարհի ամենաթանկ ավտոարտադրող ընկերություն, իսկ նախկին առաջնորդ Toyota Motor Corp-ը տեղափոխվեց երկրորդ տեղ: Այսպիսով, 130 տարի ներքին այրման շարժիչների վրա հիմնվող արդյունաբերության ոլորտում բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունենում:
Սույն տարվա հունիսին ընկերության կապիտալիզացիան, ըստ NASDAQ բորսայի, գերազանցել է 187 միլիարդ դոլարը, իսկ Tesla-ի մեկ բաժնետոմսի գինը փոքր-ինչ բարձր է, քան $1000-ը: Չորեքշաբթի օրվա առևտրից հետո էլեկտրական մեքենաների արտադրողի շուկայական կապիտալիզացիան արդեն 207,2 միլիարդ դոլար էր, ինչը 5,3 միլիարդ դոլարով ավելին է, Toyota-ի տվյալներից:
Հատկանշական է, որ այս շաբաթ Tesla-ն տոնեց իր տասնամյակը՝ հանրային ընկերության կարգավւճակում: Այս ընթացքում գլխավոր տնօրեն Իլոն Մասկը խախտել է ավտոմոբիլային արդյունաբերության համար սահմանված շատ կանոններ, բայց դա հենց այն էր, ինչը հաջողությունների բերեց Tesla-ին: Այնուամենայնիվ, Pensions & Investment Research Consultants (PIRC) խորհրդատվական ընկերությունը խորհուրդ է տվել բաժնետերերին ազատվել Իլոն Մասկի ներկայությունից ընկերության տնօրենների խորհրդում: