Երեխաները սիրում են ռոբոտներին: Իսկ հիվանդ երեխաները, որոնք ստիպված են պառկել տանը կամ հիվանդանոցում, ավելի շատ ուրախ շփման և դրական էմոցիաների կարիքն ունեն: Այդ հարցում բժիշկներին օգնության է գալիս Ռոբին անունով ռոբոտը, որը մշակվել է հայկական Expper Technologies ընկերության կողմից: Ռոբոտ-օգնականը արդեն փորձարկում է անցել Հայաստանի և ԱՄՆ-ի մանկական կլինիկաներում և բոլորը փաստում են, որ նրա հետ երեխաների շփման արդյունքում, բարձրանում է հիվանդ երեխաների տրամադրությունը, լավանում է ախորժակը:
Ռոբին ռոբոտը հաջողությամբ աշխատել է ԱՄՆ-ում, Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում: Expper Technologies ընկերությունը մտադրված է նաև նմանատիպ ռոբոտներով մատակարարել Կալիֆոռնիա նահանգի բոլոր խոշոր հիվանդանոցները և ատամնաբուժական կլինիկաները:
Ռոբին ռոբոտը պատրաստված է վերամշակվող բիոպլաստիկից: Այդ ծածկույթը հեշտությամբ ախտահանվում է ուլտրամանուշակագույն լույսի օգնությամբ կամ այլ տարբերակներով:
Գեղեցիկ և բարեհամբույր Ռոբին ռոբոտը կարող է օգտագործվել ոչ միայն հիվանդանոցներում, այն կարող է տեղ գտնել հաճախորդների սպասարկման ոլորտի տարբեր ճյուղերում: