Հոկտեմբերի 13-ին կայացած օնլայն-շնորհանդեսի ժամանակ Apple-ը ներկայացրեց iPhone 12 սմարթֆոնը: Այժմ չորս նոր մոդելների, ինչպես նաև iPhone 11-ի, iPhone XR-ի և iPhone SE-ի տուփի մեջ չեն ներառվելու լարային EarPods-ը և հոսանքի ադապտերը:
Apple ընկերության փոխնախագահ՝ Լիզա Ջեքսոնը նշեց. «Մենք հավատարիմ ենք մեր շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման քաղաքականությանը և այդ պատճառով տուփից հանեցինք էլեկտրական ադապտերը և EarPods-ը»: Apple Store-ում iPhone 12-ի, iPhone 11-ի, iPhone SE- ի և iPhone XR-ի էջերում նշվում է, որ այդ սմարթֆոնների տուփերի մեջ լինելու են միայն ինստրուկցիան, SIM քարտի բնիկի բացման ասեղը և USB-C / Lightning մալուխը:
Շնորհանդեսին Apple-ը հայտնեց, որ շատ հաճախորդներ արդեն անցել են անլար ականջակալների և տանը առնվազն մի քանի ադապտեր ունեն, ուստի տուփի մեջ այդ պարագաներ ավելացնելը ուղակի ռեսուրսների կորուստ է: «Աշխարհում կան Apple-ի ավելի քան 2 միլիարդ հոսանքի ադապտերներ և դա չհաշված այլ ընկերությունների կողմից արտադրվող միլիարդավոր ադապտերները», — նշեց Ջեքսոնը:
Apple-ի ներկայացուցիչները նշում են, որ այդ փոփոխությունը թույլ կտա փոքրացնել տուփի չափսերը և նվազեցնել ածխածնի տարեկան արտանետումները ավելի քան 2 միլիոն մետրային տոննայով, ինչը հավասար է նրան, եթե ճանապարհներին դուրս հանվեն մոտ 450,000 այրման շարժիչով ավտոմեքենաներ:
Apple ընկերությունը մտադիր է իր բոլոր մատակարարներին անցկացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների և մինչև 2030 թվականը դառնալ ածխածնային չեզոք ընկերություն: 2015 թվականից ի վեր Apple-ի մատակարարները կրճատել են թափոնների մակարդակը 1,3 միլիոն մետրային տոննայով, ինչը հավասար է մոտ 100,000 աղբատար մեքենաների ծավալին: