«Գրանդ Քենդի» ընկերությունը հայաստանյան տեղական շուկայում հրուշակեղենի և սննդի ամենախոշոր արտադրողն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին՝ Երևանի հրուշակեղենի գործարանի հիման վրա: Հայ-կանադական այս համատեղ ընկերությունը նույն թվականի ապրիլին ներկայացրեց իր առաջին արտադրանքը, որը միանգամից ընդունվեց և սիրվեց սպառողների կողմից: Սկզբնական շրջանում «Գրանդ Քենդին» արտադրում էր միայն կարամել, իսկ ապա նաև՝ շոկոլադե կոնֆետներ: Ընկերությունն այդ տարիներին արտադրում էր ընդամենը 100 անուն հրուշակեղեն, իսկ այսօր արդեն ունի ավելի քան 400 անուն տարատեսակ արտադրանք, և զբաղեցնում է հայաստանյան հրուշակեղենի շուկայի 40%-ից ավելին:
«Գրանդ Քենդի» ընկերությունն իր սպառողներին ներկայացնում է ոչ միայն ավանդական և արդեն իսկ շատ հայտնի արտադրանք, այլև նոր ու հետաքրքիր արտադրատեսակներ: Ի դեպ այն միակ գործարանն է ամբողջ Անդրկովկասի տարածքում, որն իրականացնում է հատիկավոր կակաոյի մշակում:
Շեշտը դնելով արտադրանքը բարձր որակի և անկրկնելի համի վրա՝ «Գրանդ Քենդին» օգտագործում է բացառապես բնական հումքեր (կաթնամթերք, ընկուզեղեն և թարմ մրգերի կիսաֆաբրիկատներ) և զերծ մնում արհեստական հավելանյութերի օգտագործումից: Այս ամենի շնորիվ էլ ընկերության արտադրանքը հավաստագրված է որակի կառավարման և սննդի ապահովության միջազգային բարձր չափանիշներով: 2000 թվականին, արտադրամասերից բացի, «Գրանդ Քենդի» ընկերությունը նաև ստեղծեց ֆիրմային խանութների ցանցը, որոնցից առաջինը «Պոնչիկանոցն» է:
Հրուշակեղենից զատ «Գրանդ Քենդին» իր սպառողներին ուրախացնում է նաև պաղպաղակի արտադրությամբ, որը առաջին անգամ ներկայացվեց 2001 թվականին: Իսկ 2008-ին ընկերությունը հիմնադրեց սուրճի արտադրությունը՝ “արաբիկայի” և “ռոբուստայի” տեսակների ամենաբարձր և որակյալ տեսակներով: Սակայն, այսքանով ընկերոթւյան անակնկալները չավարտվեցին, և 2010 թվականին «Գրանդ Քենդին» մեկնարկեց խմորեղենի արտադրանքը, որը շատ սիրվեց սպառողների կողմից: Իսկ երկու տարի անց՝ 2012-ին, եվրոպական գերժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների շնորհիվ սկսեց բարձր որակի ալյուրի արտադրությունը:
Սակայն, այս ամենից բացի «Գրանդ Քենդի» ընկերությունը հիմնել է նաև գոֆրոստվարաթղթե արկղերի սեփական արտադրությունը (2006 թ.), օֆսեթ տպագրություն իրականացնող տպարանը (2007 թ.), ինչպես նաև՝ ֆլեքսոգրաֆիկ տպագրություն իրականացնող տպարանը (2016 թ.): Նոր տեխնոլոգիաների ներդրման և սորքավորումների պարբերաբար թարմացման շնորհիվ, «Գրանդ Քենդին» մշտապես արձագանքում է շուկայի փոփոխություններին և մնում առաջատարի դիրքում:
Ուշագրավ է, որ 2010 թվականի սեպտեմբերին «Գրանդ Քենդին» սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ` «Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում, և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ի դեպ այն Հայաստանի առաջին արդյունաբերական ռեկորդն է:
Իսկ հայաստանյան տեղական արտադրության ոլորտում «Գրանդ Քենդի» ընկերությունը ամենախոշոր գործատունների ցանկի գլխավոր առաջատարն է: