Ինչպես նշում է AdAge պարբերականը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճարել է 147,2 մլն դոլար հեռուստատեսային գովազդի համար, իսկ Facebook-ի և Google-ի գովազդային արշավների համար՝ 62,3 մլն դոլար: Facebook-ը ստացել է 42,8 մլն դոլար, իսկ Google-ը՝ 19,5 մլն դոլար:
Միջոցների մեծ մասը հատկացվել է սեպտեմբերի 7-ից մինչև ընտրությունների օրը՝ նոյեմբերի 3-ը գովազդային տեսահոլովակների ցուցադրման համար:
AdAge-ը համեմատում է Թրամփի շտաբի ծախսերը ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Ջո Բայդենի ծախսերի հետ: Նույն ժամանակահատվածում նա նախատեսում է ներդնել 1,6 մլն դոլար հեռուստատեսային գովազդի մեջ և 100 հազար դոլար ռադիո հայտարարությունների համար: Սակայն Բայդենին աջակցում են քաղաքական կազմակերպություններ, որոնք ավելի բարձր բյուջեներ են նախատեսում: Օրինակ՝ Priorities USA Action քաղաքական շարժումը պատվիրել է հեռուստատեսային գովազդ 49.4 մլն. դոլար բյուջեյով:
Թրամփին սատարող ուժերը ամենաշատ գումար են ծախսում Ֆլորիդայում (37,8 մլն դոլար), Օհայոյում (18,4 մլն դոլար), Հյուսիսային Կարոլինայում (16,7 մլն դոլար), Փենսիլվանիայում (14,6 մլն դոլար) և Մինեսոտայում (14,1 մլն դոլար): 2016-ի ընտրությունների ժամանակ նա հաղթեց այս բոլոր նահանգներում, բացի Մինեսոտայից: