Երեք երկրում (Ավստրալիայում, Բրազիլիայում և Գերմանիայում) Google որոնողական համակարգը արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել որոշ լրատվամիջոցների հետ հրապարակվող օնլայն նորությունների վճարման համար: Ընկերությունը սկսում է լիցենզավորման գործընթացը, որին համաձայն Google-ը կվճարի որոշ լրատվամիջոցներին որակյալ կոնտենտի համար: Այդ մասին տեղեկացնում է Google ընկերության պաշտոնական բլոգը:
Առաջին պայմանագրերը արդեն կնքվել են՝
- Գերմանիայում՝ Der Spiegel, Frankfurter Allgemeine Zeitung, Die Zeit և Rheinische Post լրատվամիջոցների կայքերի հետ
- Ավստրալիայում՝ Schwartz Media, The Conversation, Solstice Media կայքերի հետ
- Բրազիլիայում՝ Diarios Associados, A Gazeta.
Այժմ Google-ը բանակցում է նաև այլ լրատվամիջոցների հետ:
Լրատվամիջոցների կոնտենտը կհայտնվի Google News-ում և Discover Feature Feed-ում: Google- ը նախատեսում է նաև վճարել այն կոնտենտի համար, որը սովորաբար կայքերը տրամադրում են բաժանորդագրությամբ: Այսպիսով, ընթերցողները անվճար կարող են տեսնել հոդվածներ և նորություններ, որոնք սովորաբար չեն տեսնում:
Google-ը նշել է, որ նոր ծրագրի նպատակն է՝ աջակցել լրատվամիջոցներին, որոնք բարդությունների առաջ են կանգնել համաճարակի ժամանակ: Ծրագիրը կմեկնարկի մինչև 2020 թվականի ավարտը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները արդեն մի քանի տարի է բողոքում են, որ Google որոնող համակարգը անվճար օգտագործում է իրենց կոնտենտը որոնման արդյունքներում: Ապրիլին Ֆրանսիայի մրցակցային մարմինը որոշում կայացրեց, որ Google-ը պարտավոր է վճարել ֆրանսիական լրատվամիջոցներին և լրատվական գործակալություններին՝ էջում իրենց նորությունները և հոդվածները ցուցադրելու համար: